You are viewing [info]kanach_aygi's journal

menk enk


Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ նախաձեռնության ներկայացուցիչները քաղաքապետին ներկայացրին իրենց մեկամյա գործունեության ընթացքում ի հայտ եկած` Երևանի կանաչապատ տարածքների ոչնչացման և ապօրինի կառուցապատման դեպքերը: Խոսվեց, մասնավորապես, Ուսանողական այգու, Վիշապների պուրակի, Գլխավոր պողոտայի այգու և մի շարք կանաչապատ բակային տարածքներում տեղի ունեցող կառուցապատման մասին: Ներկայացված բոլոր դեպքերի մասին նախաձեռնության անդամները պատրաստել էին փաստաթղթային փաթեթներ, որոնք հանձնեցին քաղաքապետին: Վերջինս խոստացավ դրանք հանձնել ուսումնասիրության։ Նախաձեռնության անդամները նշեցին իրենց սկզբունքային մոտեցումը հատկապես Ուսանողական այգում տեղի ունեցող շինարարության հարցում և անընդունելի համարեցին 2012 թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք Երևանում Ազգային գրադարանի մոտակայքում զվարճանքի օբյեկտների գոյությունը: Քաղաքապետը ըմբռնումով մոտեցավ Ուսանողական այգու խնդրին՝ նշելով, որ իրեն նույնպես դուր չեն գալիս նման փոփոխությունները, և համաձայնեց կազմակերպել հանդիպում Ուսանողական այգում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ` խնդրին լուծում գտնելու նպատակով: Այս հիմնահարցի լուծման նպատակով շարունակվելու են նախաձեռնության ջանքերը և լուծման որոնումը։


Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը վերահաստատեց կանաչ տարածքների հաշվին շինարարությունն արգելելու իր՝ նախապես հնչեցրած որոշումը: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին նաև Վիշապների պուրակի խնդիրը և այնտեղ տեղի ունեցած ապօրինությունները։ Կարեն Կարապետյանը կարևոր համարեց հաշվի առնել բնակիչների կարծիքը, եթե նրանք իսկապես դեմ են այդ կառուցապատմանը: Քաղաքապետը տեղեկացվեց նաև Ուսանողական այգում կատարվող շինարարության խախտումների մասին, Ազգային գրադարանի խորհրդի, հարակից բուհերի ներկայացուցիչների և ԳԱԱ նախագահության ակադեմիկոսների բազմաթիվ գրությունների, 20000 ստորագրությունների և այլ փաստաթղթերի մասին:

Նախաձեռնության ներկայացուցիչները բարձրաձայնեցին Գլխավոր պողոտայի այգու վերաբերյալ «Տաշիր Գրուպ» ընկերության հետ Երևանի քաղաքապետարանի կնքած պայմանագրի մասին իրենց մտավախությունը: Քաղաքապետը հավաստիացրեց, որ այգու տարածքում ստորգետնյա որևէ կառույց չի լինելու, իսկ վերգետնյա ցածրահարկ թանգարաններ կամ մշակութային բնույթի այլ հաստատություններ հնարավոր է՝ կառուցվեն: Քաղաքապետը պնդեց, որ այգին չի կորցնի իր նպատակային նշանակությունը, և, որ այս ծրագրի նպատակը զբոսայգին իր ամբողջ երկայնքով` մինչև Խանջյան, մշակութային գոտի դարձնելն է: Պարոն Կարապետյանը նախաձեռնության անդամներին խոստացավ ծրագրի նախագիծը ներկայացնել հանրային քննարկման, երբ այն պատրաստ լինի, և հաշվի առնել դրա վերաբերյալ նախաձեռնության և բնակիչների կարծիքը:

Վերջում «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքապետին տեղեկացրեց նախկինում Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր և տեղեկատվություն ստանալու անհնարինության մասին, ինչը ՀՀ օրենսդրության խախտում է: Քաղաքապետի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ ՀՀ-ն Օրհուսի կոնվենցիայի անդամ է, սակայն կոնվենցիայով ամրագրված` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և որոշումների կայացմանը մասնակցելու հասարակության իրավունքը բազմիցս խախտվում է: Այս կապակցությամբ քաղաքապետին առաջարկվեց ընդունել հանրությանն իրենց կենսագործունեության միջավայրի փոփոխությունների մասին իրազեկելու մեխանիզմների վերաբերյալ որոշում, սակայն քաղաքապետը մերժեց այդ առաջարկը` պնդելով, որ առանց այդ էլ քաղաքապետարանն օրենքի սահմաններում իրազեկման իր պարտավորությունը կիրականացնի: Այս առումով պարոն Կարապետյանը խոստացավ, որ Երևանի քաղաքապետարանն այսուհետ օրենքի սահմաններում կտրամադրի ցանկացած տեղեկատվություն և կգործի թափանցիկ:


«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն


  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն» ՊՈԱԿ-ից պարզել է, որ «Վիշապների կոթող» պուրակի (Գայի պող. թիվ 19/71 հասցեում) բնակելի շենքի կառուցման աշխատանքային նախագծի վերաբերյալ կայացել է երկու հանրային լսում:

 

Հեռախոսազրույցի ընթացքում կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ լսումներից մեկի ժամանակ տրվել է բացասական, մյուսի ժամանակ` դրական պատասխան: Առայժմ հայտնի չէ, թե ի՟նչ պայմաններում են տեղի ունեցալ այդ լսումները և ովքե՟ր են մասնակցել:  


Անցած տարվա դեկտեմբերի 8-ին պուրակին հարակից շենքերի մոտ 60 բնակիչ, Նոր-Նորք համայնքի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, հավաքվել էին պուրակում հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն ոչ համայնքի ղեկավարությունը և ոչ էլ կառուցապատողը չհայտնվեցին: Պուրակում էին գտնվում նաև բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ: Հենց այդ օրը կազմակերպվեց ստորագրահավաք, որին միացան հարակից շենքերի մոտ 200 բնակիչ` դեմ արտահայտվելով կառուցապատմանը: Ստորագրություններն անցած տարվա դեկտեմբերին հանձնվել են Երևանի քաղաքապետարան:


Այսօր պարզվում է, որ հենց այդ նույն օրը, սակայն մեկ այլ հասցեում (Բաղյան փողոց թիվ 1 «Սասարի» ՍՊԸ-ի շենք), կազմակերպվել է կառուցման աշխատանքային նախագծի հանրային լսում, որին հայտնի չէ թե ովքեր են մասնակցել: Մյուս հանրային լսումների վերաբերյալ բնապահպանության նախարարության կայքում ոչ մի հայտարարություն տրված չէ և դարձյալ հայտնի չէ որտեղ և երբ է կազմակերպվել այն:


Ոչ մեկ, և ոչ մյուս հանրային լսումները չեն կարող համարվել արժանահավատ, քանի որ արդեն իսկ ակնհայտ են հանրային լսումների կեղծման փորձեր:


Պահանջում
ենք Երևանի քաղաքապետի միջամտությունը Նոր Նորքի զանգվածի բնակիչների շահերը պաշտպանելու նախաձեռնություն և պահանջում ՀՀ բնապահպանության նախարարությունից ձեռնպահ մնալ սեփական գործառույթների չարաշահմամբ ապօրինի փաստաթղթերի հիման վրա փորձագիտական եզրակացություն տալուց։


«
Մենք ենք այս քաղաքի տերը»

քաղաքացիական նախաձեռնություն
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link

Jan. 20th, 2011

  • 6:00 PM
menk enk
... հենց նոր փաստաբան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ Ուսանողական այգու գործով 117 համահայցվորների բողոքը մերժելու մասին որոշման դեմ հայցը 17.01.2011թ.-ին ընդունվել է վարույթ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից:
menk enk
Սա Նալբանդյան 104 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության մանկապարտեզն էր` ժամանակին քաղաքի լավագույն մանկապարտեզը, որն ուներ իր այգին ու խաղահրապարակը:



Այժմ այն ունի այս տեսքը։



2011-ի Սուրբ Ծննդյան առավոտը բացվեց այսպես: Գրեթե մեկ դար ապրած խախողի որթը և հարակից թփուտները արդեն չկային:
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
Գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգը» (FAZ) հունվարի 4-ի համարի 3-րդ էջում ընդարձակ հոդված է տպագրել Երևանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին։ Հոդվածը վերնագրված է «Երևան 21»՝ զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ։ Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի, ինչպես նաև ընդհանրապես անկանոն քաղաքաշինության հիմնախնդիրներին` հեղինակը գրում է նաև Երևանի այգիների և, մասնավորապես, Ուսանողական այգու խնդրի մասին։

«Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեն» օրական 380.000 տպաքանակով Գերմանիայի ամենակարդացվող օրաթերթն է։

Հետևեք հղմանը՝ կարդալու հոդվածից հատված՝ հայերեն թարգմանությամբ։

http://hetq.am/am/ecology/usanoghakan-aygi-3/

Մենք ենք այս քաղաքի տերը
Քաղաքացիական նախաձեռնություն
  • 1 comment
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link

Հրատապ

  • Dec. 14th, 2010 at 2:56 AM
menk enk
Այսօր` դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին Կառավարության շենքի դիմացից կմեկնարկի բողոքի երթ՝ ընդդեմ «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին ՀՀ օրենքներում, ինչպես նաև «Շրջական միջավայրի վրա փորձաքննության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունների:

«Շրջական միջավայրի վրա փորձաքննության մասին» օրենքի նախատեսվող փոփոխությամբ քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետը սահմանվում է առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն, իսկ այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական:

Նախատեսվում է նաև Կառավարության որոշման ընդունում, ըստ որի քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեություններից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա կլինեն գործող 1000 քառ մետրի փոխարեն 1500 քառ մետր նվազագույն տարածք ունեցողները:

Մասնակցե՜նք: Վտանգված է մեր լեզուն, մեր սերունդների առողջությունը և մեր բնությունը:


Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն
menk enk
Մոտենում է մեր պայքարի ամենակարևոր փուլը՝ Վիշապների պուրակում կառուցապատում իրականացնելու ծրագրի հանրային լսումները: Յուրաքանչյուրիս մասնակցությունը շա՜տ կարևոր է: Հակառակ դեպքում ԿՈՉՆՉԱՑՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՅԳԻ:

Դեկտեմբերի 18-ին
ժամը 10:30 - 12:30

Վիշապների պուրակ (Նոր Նորքի II զանգված, Գայի պող. հ.19/71, Տորք Անգեղի արձանի հարևանությամբ)

Եկեք համախմբվենք այդ օրը և փրկենք ՄԵՐ ԱՅԳԻՆ:



menk enk
 Նախորդ մի քանի օրերին Նոր Նորքի «Վիշապների պուրակ» այգում բազմահարկի շինարարություն սկսելու նպատակով փորվել էին մեծ փոսեր, տնկվել էին մետաղե ձողեր ու հատվել ծառեր:

Բնակիչների բողոքին ի պատասխան Բնապահպանության նախարարը խոստացել է դեկտեմբերի 2-ին տրամադրել 60 ծառ՝ հատված ծառերի փոխարեն տնկելու համար:

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հետմիջօրեից սկսած այգու հարակից շենքերի բնակիչները, չահաբեկվելով շինարարների սպառնալից խոսքերից, լցնում էին փոսերը, մաքրում տարածքն ու փոսեր փորում վաղը սպասվող ծառատունկի համար: Այգու բարեկարգմանը հավասարապես մասնակցում էին «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները և ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Եկավ նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Նա բերել էր բեռնատար մեքենաներ՝ հավաքված քարերը տեղափոխելու համար: Պարոն Գասպարյանը խոստացավ, որ բեռնատարների աշխատանքի անավարտ մասը կշարունակվի վաղը:

Քիչ հեռու՝ նույն այգու տարածքում, ծառատունկ էին կատարում Կանաչապատման բանվորները: Թե նրանց ծառատունկն ինչպիսի պատահականությամբ էր համընկել այգու մյուս հատվածում բնակիչների ծառատունկի հետ և ինչու էր սահմանափակված միայն այգու մի հատվածով, թողնում ենք առանց մեկնաբանության: Նշենք միայն, որ օրվա վերջում նրանք մեկ-երկու ժամով տրամադրեցին իրենց բահերը՝ խոստանալով վաղն օգնել նաև այգու քանդված մասի ծառատունկին:

Տարածքի բնակչությունը շատ գոհ էր պարոն Գասպարյանի և Քաղաքապետարանի այսօրվա օգնությունից: Ուրախ էին, որ Քաղաքապետարանն իրենց բողոքի ձայնը վերջապես լսեց, և պաշտպանելու է իրենց պուրակը շինարարությունից: Այգում աշխատանքը կշարունակվի վաղն առավոտյան՝ 10:30-ից: Դեռ շինարարների բերած հողը պետք է հեռացվի տարածքից, ինչում վաղն ակնկալում ենք իշխանությունների օգնությունը:
Հուսով ենք՝ Քաղաքապետարանի այսօրվա օգնության քայլերը ձևական բնույթ չէին կրում և, խոստումներին համաձայն, կշարունակվեն նաև վաղը:

Ցանկացած դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև այգու նախկին տեսքը վերականգնվի և այն վերադարձվի հանրությանը:
menk enk

Մեծ վիշտ ենք ապրում, երբ տեսնում ենք այդ մեծ փոսերը և ծառերի չորացող արմատները.

Առաջարկում ենք վաղը, դեկտեմբերի 1-ին, ժամը 14:00 հավաքվենք Վիշապի պուրակում, մաքրենք տարածքը, հողը լցնենք հետ` փոսերի մեջ և այգու նախկին տեսքը վերականգնենք:

Նաև պետք է փոսեր փորել նոր տնկվող ծառերի համար և հաջորդ օրը`դեկտեմբերի 2-ին ծառատունկ անել:

Բնապահպանության նախարարությունը դեկտեմբերի 2-ին տրամադրելու է մեզ 60 ծառ, այնպես որ պետք է վաղը հողի հետ աջխատել, որ այգին պատրաստ լինի հաջորդ օրվա ծառատունկին:

Անչափ շնորհակալ կլինենք աջակցության համար:Համոզված եմ կհանդիպենք վաղը:
Խնդրում եմ տարածեք Ձեր ցանցերով և ներկա գտնվեք այս բնանվեր գործին:

Վիշապի պուրակի բնակիչներ
http://www.facebook.com/event.php?eid=120745511321702
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk

Նոյեմբերի 29-ին «Վիշապների պուրակ» են այցելել Երևանի քաղաքապետը և Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Բնակիչների հետ զրույցում նրանք ասել են. «Շենքը միևնույն է պետք է կառուցվի' երևի մոտ 80 մետր այն կողմ, և ծառերը տեղափոխվելու են»: Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան' քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանության նախարարը շուտով կստորագրի թույլտվությունը (խոսքը բնապահպանական փորձաքննության մասին է): Պարոն Գասպարյանն էլ բողոքող բնակիչներին ասել է. «Ուզում եք ժամերով կանգնեք, միևնույն է կառուցվելու է»:

Նշենք սակայն, որ օրեր առաջ այգի էր այցելել Բնապահպանության նախարարը, ով հավաստիացրեց, որ շինարարությունը չի շարունակվի մինչև հանրային լսումների անցկացումը, ինչը պահանջում է օրենքը: Մենք վստահ ենք, որ պարոն Հարությունյանը չի դրժի իր խոսքը և չի խախտի ՀՀ օրենսդրությունը՝ առանց հանրային լսումների ստորագրելով որևէ թույլտվություն:

Ցանկանում ենք պատկան մարմիններին հիշեցնել, որ «Վիշապների պուրակը» հանրային այգի է: Խնդիրը ոչ թե շենքը այգու մեկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապես հանրային այգու և քաղաքացիների հանգստի գոտու ամբողջականության պահպանումը: Դրանում որևէ տարածքի կառուցապատումն անթույլատրելի է՝ անկախ այն բանից, թե այդ տարածքում քանի ծառ կա:

Կից շենքերի բնակչության համոզելու և անելանելիության մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդյուն և քաջալերում նրանց շարունակել դատական և դատախազական ճանապարհով սեփական իրավունքները վերահաստատելու քայլերը:

Մեր ձեռք բերած տվյալները վկայում են, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրվել են ապօրինաբար, ինչի պատասխանատվությունն ընկնում է համապատասխան պաշտոնյաների վրա: Քանի որ տվյալ դեպքում խախտվել է պետության իրավունքը և հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազությանը' քրեական գործ հարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մասին արված հայտարարությունը:

 

 

  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk

Պարզվում է՝ Նոր Նորքի «Վիշապի կոթողներ» այգում, որտեղ գտնվում են մ.թ.ա. II-I հազարամյակների քարե կոթողներ, նախատեսվում է կառուցել 18-հարկանի բազմաբնակարան շենք՝ համաձայն ՀՀ քաղաքացի ոմն Ռուբեն Կարախանյանին Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվության: Նոյեմբերի 24-ի դրությամբ այգում սկսվել էին նախապատրաստական աշխատանքներ՝ 1800 քմ տարածք պարսպապատվել էր, փորվել էր երկար փոս: Տարածքի ծառերից շատերն արդեն հատվել են: Այս ամենը կատարվել է անօրինական կերպով՝ առանց հանրային լսումներ անցկացնելու և բնապահպանական տեսչության կողմից շրջակա միջավայրի փորձաքննության:

            

Սակայն նոյեմբերի 24-ի երեկոյան այգու հարակից շենքերի բազմաթիվ բնակիչներ, ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել էին այգում և որպես բողոքի նշան քանդում էին այգին պարսպած երկաթյա պատնեշները: Շուտով ժամանեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ծանոթանալով կառուցապատողի ներկայացրած փաստաթղթերին՝ նա հայտարարեց, որ փոսն անօրինական կերպով է փորվել: Ըստ նախարարի հրամանի շինարարական աշխատանքներ դադարեցված են՝ մինչև բնապահպանական տեսչության կողմից շրջակա միջավայրի փորձաքննության մասին եզրակացության տրամադրումը (առավելագույնը 120 օր ժամկետում): Այս պահի դրությամբ կառուցապատողն արդեն դիմել է բնապահպանական տեսչություն՝ փորձաքննության, և հանել է որպես պարիսպ տեղադրված մետաղյա թիթեղները:

Ավելին՝ նոյեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին՝ պարզելու, թե  ովքեր են պատասխանատու պետական սեփականություն հանդիսացող այդ տարածքներում գտնվող հուշարձանների զբաղեցրած եվ առանձնացրած  հողամասերի օտարման համար և ովքեր են տվել այդ տարածքում շինարարություն իրականացնելու համար քաղաքաշինական փաստաթղթերը: Իր իրավասություններից ելնելով՝ պարոն Հարությունյանը բարձրացրել է պետական շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու և մեղավոր անձանց պատասխանատվության (ներառյալ քրեական) ենթարկելու հարցը:

 

menk enk

Նոյեմբերի 4-ին Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության հին ու նոր անդամների միջև: Հանդիպման քննարկման թեմաները ներառում էին այնպիսի հարցեր ինչպիսիք են քաղաքացիների ակտիվ մասնակցությունը Երևանի զբոսայգիների պաշտպանության հարցում, հանրության կարծիքը ավելի ազդեցիկ դարձնելու խնդիրը քաղաքի բնությանը վնաս հասցնելու դեպքում, նման խնդրի առաջացման դեպքում ավելի արագ և արդյունավետ արձագանքելու խնդիրը և այլն:

Հավաքված երիտասարդները քննարկեցին իրենց մշակած մեթոդները, որոնցով արդեն իսկ հնարավոր է դարձել և հետագայում էլ հնարավոր կլինի քաղաքացիներին հաղորդակից դարձնել քաղաքի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև դարձնել նրանց ակտիվ մասնակից` պետության ընդունած որոշումներում: Նշված մեթոդները, թեև շատ պարզ, այնուամենայնիվ, կարևոր նախաձեռնություններ են, քանզի իրենցից ներկայացնում են այնպիսի քայլեր, ինչպիսիք են հասարակության հետ կապ հաստատել ինչպես համացանցի միջոցով /սոցիալական կայքերի, մասնավորապես, ֆեյսբուքի միջոցով, որտեղ արդեն իսկ կա նախաձեռնության էջը/, այնպես էլ դեմ առ դեմ զրույցներ իրականացնել քաղաքացիների հետ` բացատրելով իրավիճակը քաղաքային բնապահպանական հարցերի շուրջ:
Նախատեսվող քայլերից է նաև հասարակությանը տեղեկատվական բուկլետների բաժանումը, ուր ներկայացված կլինեն բնապահպանական խնդիրներին ականատես լինելու դեպքում դրանց արագ արձագանքելու ուղիները:
Նշենք, որ բացի ֆեյսբուքյան կայքից մոտ ժամանակներում պատրաստ կլինի նաև նախաձեռնության կայքէջը, ուր տեղադրված կլինի ոչ միայն նախաձեռնության իրականացրած և իրականացվելիք աշխատանքները, այլ նաև կլինի բաժին, ուր տեղադրված կլինեն քաղաքացիների առողջ ապրելու, ինչպես նաև այլ իրավունքները, որոնց իրականացումը հնարավոր է միայն առողջ միջավայրում` կայուն բնապահպանական զարգացման շնորհիվ:

Մանուկյան Սոֆյա

Աղբյուր` www.hra.am

  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
 Հոկտեմբերի 25-ին Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնությունը նամակով դիմել է Երևան քաղաքի ավագանու անդամներին` պահանջելով հնարավորինս շուտափույթ զբաղվել Երևանի բնապահպանական խնդիրներով և առաջ քաշելով կոնկրետ խնդիրներ: Նամակում ասվում է.

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը 2010թ. մայիս ամսին նամակ էր հղել Ձեզ` խնդրելով որպես Երևանի ավագանու անդամ բարձրացնել «Ուսանողական» այգում շինարարության դադարեցման և կանաչ գոտիների վերականգնման հարցը։ Չնայած, տվյալ հարցի հակիրճ քննարկմանը Երևանի ավագանու ս.թ. հունիսի 18-ի նիստում, ստիպված ենք փաստել, որ խնդրի լուծման գործում մինչ օրս որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Վերստին դիմելով Ձեզ` ակնկալում ենք, որ Դուք Երևան քաղաքի ավագանու առաջիկա նստաշրջանում կօգտվեք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երևան քաղաքի ավագանու և խմբակցության անդամներին վերապահված իրավունքներից ու ընտրողների առջև պարտականություններից և ձեռնամուխ կլինեք ոչ միայն «Ուսանողական» այգու անօրինական կառուցապատման խնդրի, այլ նաև Երևանի բնապահպանական այլ հիմնախնդիրների համապարփակ քննարկմանն ու լուծմանը։ Ելնելով այն փաստից, որ քաղաքը հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին, պահանջում ենք հետևյալը.

· Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների համար նախատեսվող միջոցները` ընդլայնելու և բարելավելու քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանն ու խնամքին ուղղված աշխատանքները: Առաջիկայում, հատկապես առաջնահերթ ենք համարում «Ուսանողական» այգու, Գլխավոր պողոտայի այգու Մաշտոց-Սարյան փողոցներով սահմանափակվող հատվածի, Օղակաձև զբոսայգու` չվարձակալված տարածքների ու Կոմիտասի անվան այգու բարեկարգումը.
· ձեռնարկել քայլեր` վերահսկելու Երևանի քաղաքապետի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 28.10.1998թ. «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշման պահանջների կատարումը, որոնք, մեր դիտարկումներով, Երևանի քաղաքապետի կողմից առհասարակ չեն իրականացվում.
· ձեռնարկել կոնկրետ քայլեր` հանրությանը վերադարձնելու իր իսկ սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները` բացառելով դրանց հետագա ծառայեցումը զուտ մասնավոր շահին: Առաջարկում ենք մշակել և ներկայացնել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որի համաձայն կարգելվի նշված կանաչ տարածքների հետագա կառուցապատումը և առկա կառույցների «արդիականացումը», իսկ գործող վարձակալության պայմանագրերի թարմացումը կիրականացվի շահագրգիռ հասարակայնության պատշաճ ծանուցմամբ և մասնակցությամբ: Առաջնահերթ քայլ ենք համարում կանաչ գոտիներում նախատեսվող` հաստատման ներկայացված շինարարական նախագծերի քննարկումների դադարեցումը և դրանց նպատակահարմարությանն վերանայումը:

Հարկ ենք համարում նշել, որ հատկապես Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն կարողանում արտադրել շնչահեղձ լինող քաղաքացիների, ինչի մասին են վկայում մեր ձեռքի տակ եղած մի շարք փորձագիտական վերլուծություններ: Մինչդեռ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում մեր նախաձեռնությունը ստացել է 26 ահազանգ քաղաքի ծառերի ոչնչացման մասին, որոնցից մեծամասնության դեպքում այլևս հնարավոր չի եղել փրկել կանաչը:

Գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհետաձգելի է Երևանի իշխանությունների կողմից ծանրակշիռ և արմատական քայլերի ձեռնարկումը քաղաքի էկոլոգիական իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այդ նպատակով կարևորում ենք Ձեր` Երևանի ավագանու անդամների ակտիվ, հրապարակային և հետևողական դիրքորոշումը բարձրացված հարցերի շուրջ։

Նաև վստահ ենք, որ մեր կողմից առաջարկվող քայլերը կնպաստեն ոչ միայն Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, այդ թվում` քաղաքային ստրեսի նվազեցմանը, այլև կհանգեցնեն սոցիալական լարվածության թուլացմանը` օժտելով երևանցիներին հավասար հնարավորություններով` իրագործելու սեփական հանգստի և առողջ ու բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Ակնկալում ենք Ձեր արձագանքը մեր կողմից բարձրացված հարցերին: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս նպաստել նշված հիմնախնդիրների լուծմանը։

Հարգանքով՝

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link

Հանդիպում

  • Nov. 4th, 2010 at 2:53 AM
menk enk

Նոյեմբերի 4-ին ժամը 17:00-ին Օրհուս կենտրոնում հանդիպում ենք "Մենք ենք այս քաղաքի տերը" քաղաքացիական նախաձեռնության անդամների և նոր ու թարմ կամավորների հետ` Այսինքն Ձեր հետ :)
 Հասցե` Չարենցի 46

menk enk
 ՀՀ վարչական դատարանը ետ է վերադարձրել Երևան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտությունները:

Համայցվորների պնդմամբ, այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են' ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը և հանգստի իրավունքը:

ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը' պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել: Համահայցվորները բողոք կներկայացնեն ՀՀ վարչական դատարան:
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
 Հոկտեմբերի 11-ին, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, հանդես գալով Կենտրոն հեռուստաընկերության եթերով, հեգնել և վիրավորել է երևանցիներին, որոնք անհանգստացած են քաղաքի ոչնչացող այգիների խնդրով:

Եթերում հնչած տեսակետները, ինչպես օրինակ «շատ ծառերի տեսակներ լցվել են քաղաք չգիտես որտեղից, նրանք փչացնում են մեր քաղաքի տեսքը, փակում են շենքերը, նրանց պետք է հեռացնել քաղաքից», «այգին խոտերին նստելու համար չէ», «ծառերը պետք է բարեկրթորեն հատվեն, եթե խանգարում են շինարարությանը» ոչ այլ ինչ են, քան դեմագոգիա և արհամարհանք այն քաղաքացիների հասցեին, ովքեր դեմ են հանրային զբոսայգիների ոչնչացմանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը շեշտում է, որ

-Երևանի այգիները քաղաքացիների հանգստի և առողջության համար կենսական տարածքներ են.
-ցանկացած ոտնձգություն անգամ մեկ ծառի հանդեպ հանցագործություն է ծառազուրկ Երևանի և Հայաստանի հանդեպ.
-Երևանի մասին օրենքի 62-րդ և 64-րդ հոդվածների համաձայն ի թիվս այլոց Երևանի քաղաքապետի պարտադիր լիազորություններից են «քաղաքային հանգստի գոտիների ստեղծումն ու պահպանումը»:

Ելնելով վերոնշյալից, գտնում ենք, որ փոխքաղաքապետ Կամո Արեյանի արտահայտած տեսակետները, գործելաոճը, քաղաքացիների անհանգստությունների հանդեպ ունեցած արհամարհական վերաբերմունքը չեն համապատասխանում նրա զբաղեցրած պաշտոնին և ստանձնած գործառույթներին, ուստի կոչ ենք անում պատասխանատու լինել ասվածի համար և ներողություն խնդրել երևանցիներից, իսկ քաղաքապետին առաջարկում ենք քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» Քաղաքացիական նախաձեռնություն
menk enk

Հաշվի առնելով այն փաստը, որ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու համար քննարկվել և նույնիսկ նախնական հավանության է արժանացել բնակչության դժգոհությունն առաջ բերած ծրագիրը՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա.

  •          նշված նախագծի իրականացման դեպքում այլևս այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
  •          տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
  •          նշված նախագծով վերջնականապես խաչ է քաշվելու Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
  •          Երևանի քաղաքաշինության խորհրդի նիստում ճարտարապետները ոչ թե հավանություն են տվել այդ նախագծին, այլ ընդգծել են, որ այն այգում հյուրանոց կառուցելու նախորդ առաջարկի համեմատ ավելի լավն է,
  •          նման նախագծի իրականացումը վերջակետ կդնի Երևանի կենտրոնի վերջին հանրային զբոսայգու վրա և այն կհանգեցնի արդեն բետոնապատված Օղակաձև զբոսայգու վիճակին, ինչն արվել է նույն կանաչապատման հիմնավորմամբ։

Ելնելով վերը շարադրվածից' Երևանի իշխանություններին և ՀՀ մյուս պատասխանատու գերատեսչություններին հորդորում ենք.

  •          սկզբունքային մոտեցում ցուցաբերել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային զբոսայգիների պետական ֆինանսավորման և խնամքի հարցում,
  •          այդ այգիները չզոհել մասնավոր շահերին, ինչի արդյունքում չեն շահելու ո՛չ քաղաքացիները և ո՛չ էլ այդ մասնավոր ընկերությունները,
  •          քաղաքային իշխանություններին' հրաժարվել վերոնշյալ նախագծի իրականացումից, «Երևաննախագիծ» ինստիտուտին' անաչառ մասնագիտական եզրակացություն տալ, ճարտարապետների հանրությանը' սեփական մասնագիտական կարծիքը չզոհել պահի նպատակահարմարությանը և օբյեկտիվ գնահատական տալ նման ճակատագրական խնդրին,
  •          2011 թվականի Երևանի բյուջեի քննարկումների ընթացքում քաղաքի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների խնամքի համար նախատեսվող միջոցները,
  •          ցանկացած շինարարություն սկսելուց առաջ պարտադիր պայման դնել այդ մասին նախօրոք տեղեկատվություն հրապարակելը մամուլի միջոցով և հարակից շենքերի բնակիչների հետ հանրային քննարկումներ անցկացնելը,
  •          շտապ կերպով համայնքային բյուջետային միջոցներ ուղղորդել Երևանի հանրային սեփականություն հանդիսացող այգիների բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական ոռոգման և խնամքի համար։ Առաջնահերթություն ենք համարում հատկապես հետևյալ առավել վտանգված այգիների փրկությունը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող այգին, Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով սրճարաններից զերծ մնացած այգու կտորները, Ուսանողական այգին, Կիրովի այգին և մյուս զբոսայգիները,
  •          դադարեցնել քննարկման փուլում գտնվող բոլոր շինարարական նախագծերի իրականացումը, որոնք տեղի են ունենալու հատկապես Երևանի կենտրոնում կանաչ գոտիների հաշվին։

Երևանցիները դժգոհում են կանաչ տարածքների անխնա ոչնչացումից և նման նախագծերի իրականացումը բացասական տրամադրված միջավայրում, ի վերջո, հանգեցնելու է ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջացմանը: Պահպանենք մեր հանրային այգիները, քանի որ դրանք պատկանում են մեզ' հանրությանը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

menk enk

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը շնորհվեց «Ոսկե բանալի»` որպես 2010-ի ընթացքում տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարարակական կազմակերպության:


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹը գրում է.
Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Երեկ «Ռեժինե» հյուրանոցում տեղի ունեցավ տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը: Արդեն 8-րդ տարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) անցկացնում է տեղեկատվության ազատության մրցանակաբաշխությունը` սկսած 2003 թվականից: Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Առաջին հերթին կարեւորում եմ, որ պետական կառավարման մարմինները լինեն բաց եւ թափանցիկ իրենց գործունեության ընթացքում: Մենք բավականին լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի պետական մարմինների ընդունած բոլոր որոշումները հասանելի լինեն հասարակության համար, ինչպես նաեւ որոշումների նախագծերը հասարակության հետ նախապես քննարկման առարկա դառնան», ասաց վարչապետը: Մրցանակաբաշխության դրական մրցանակը «Ոսկե բանալին է», որը տրվում է բաց եւ լավ աշխատանքի համար, իսկ բացասական մրցանակը «Ժանգոտ կողպեքն» է, որը տրվում է որպես գաղտնի ու վատ աշխատանքի խորհրդանիշ:

«Միջոցառման հիմնական նպատակն է խրախուսել բաց կառավարման ավանդույթները եւ խստորեն քննադատել այն մարմիններին, որոնք հանրության աչքից դեռեւս փակ ու գաղտնի են աշխատում», ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:


  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
Միջոցառման լուսանկարներից կարող եք տեսնել Ֆոտոբզիկում։

ՏՈՆ-ԾԱՌԱՏՈՒՆԿ

  • Sep. 14th, 2010 at 1:56 AM
menk enk
Ամսի 15–ին, ժամը 18.30-19.30

Արամի և Բուզանդի փողոցների միջնամասում ընկած այգում նախատեսվում է բազմահարկ շինությունների կառուցում: Դրա արդյունքում անխուսափելիորեն կկտրվեն ծառեր և կվնասվի այգու բուսականությունը: Հանրային զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը:

Այս ծրագրին դեմ արտահայտվելու համար այգում նախատեսվում է խորհրդանշական ծառատունկ:

Այս միջոցառման ժամանակ այգում կտնկենք ծառ, որը կօրհնվի և որին կտրվի անուն՝ ցուցանակով: Այս արարողութ...յունը կարտահայտի այգին խնամելու մեր պատրաստակամությունը և կվերածվի տոնի՝ երգչախմբի և մանուկների երգով, պարերով. ներկաներն ծառերին կամրացնեն խորհրդանշական ժապավեններ:

Ձեզ հետ բերեք բարձր տրամադրություն, որովհետև սա կլինի բնության և մեր քաղաքի տոնը: Ու՜ժ դառնանք, միասին ոչնչացումից պաշտպանե՜նք մեր այգին և մեր ու մեր զավակների առողջ ապրելու իրավունքը:

Կազմակերպիչներ՝ այգուն հարակից շենքերի բնակիչներ, Armenian Tree Project, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն
menk enk
Ուսանողական այգու համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը և Ադոլֆ Մանթաշյանը ... այս պահին հայցին միացել են շուրջ 50 քաղաքացիներ...Շտապե'ք


Հ.Գ. Եթե ցանկանում եք միանալ հայցին, ապա գրեք kanachaygi@gmail.com կամ դիմեք Արթուր Ավթանդիլյանին` 093 230074 հեռախոսահամարով։
menk enk
Դատական հայցը արդեն պատրաստ է։

Հինգշաբթի օրը, սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, Թամանյանի թանգարանում կարող եք ձեր հարցերը տալ փաստաբանին, ծանոթանալ և միանալ հայցին: Կառավարության 3-րդ շենք, աջ անկյունում:

Կպահանջվեն ձեր անձնագրային տվյալները և ձեր ներկայությունը։
Փրկենք Ուսանողական այգին։
menk enk
Այսօր` օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Կոմիտաս 5ա շենքի բնակիչները բողոքի ցույց են անելու քաղաքպետարանի դիմաց` բակի ծառերը կտրելու և այնտեղ ենթակայան կառուցելու դեմ: Բոլորս դեպի քաղաքապետարան!!

Կոլեկտիվ դատական հայց

  • Aug. 25th, 2010 at 10:02 PM
menk enk
Մենք արդեն պատրաստ ենք ներկայացնելու հայցը ՀՀ վարչական դատարան` վիճարկելու Երևանի քաղաքապետարանի գործողությունները «Ուսանողական այգում» իրականացվող շինարարության կապակցությամբ: Հայցի նախապատրաստումը մի փոքր ուշացավ` կապված ամառային արձակուրդների հետ, սակայն դա որևէ կերպ չի ազդել մեր ռազմավարության և մինչև վերջ պայքարելու` բոլորիս վճռականության վրա!

Հայցի հիմքում ընկած են ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված` առողջ շրջակա միջավայրում ապրելու, հանգստի, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկվելու և քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը մաuնակցելու քաղաքացիների իրավունքների ոտնահարումների փաստը:

Կանխատեսելով, որ հայցի հետ կապված կծագեն բազմաթիվ հարցեր, մենք կազմակերպում ենք երկու հանդիպում` ներկայացնելու հայցը և պատասխանելու հետաքրքրող հարցերին: Այն կկայանա «Ոսկե միջին» (Common Ground) սրահում, հասցեն` Տպագրիչների 9:

Հանդիպումների ժամերն են`

ս.թ. օգոստոսի 27-ին, ուրբաթ, ժամը 18:00-ին
և
ս.թ. օգոստոսի 28-ին, շաբաթ, ժամը 13:00-ին:

Հայցին միանալու որոշում ընդունած մեր բարեկամներին խնդրում ենք գալ անձնագրային տվյալներով` հայցադիմումը ստորագրելու համար:
Լրացուցիչ հարցերով խնդրում ենք դիմել Արթուր Ավթանդիլյանին` 093 230074 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային փոստին` kanachaygi@gmail.com:

Սիրելի՛ ընկերներ: Մենք թևակոխում ենք «Ուսանողական այգու» փրկության համար մղվող պայքարի վճռական փուլերից մեկը: Եկեք միասին ապացուցենք, որ պատրաստ ենք գնալ մինչև վերջ` հանուն մեր քաղաքի և մեր երեխաների առողջության!

Ծառերը հաջողվեց փրկել

  • Aug. 25th, 2010 at 1:31 AM
menk enk

Կանխվեց ապօրինի ծառահատաման փորձ

Կանխվեց ապօրինի ծառահատաման փորձ

Կոմիտասի 5ա շենքի բակում գտնվող ոչ մի ծառ չի հատվել: Ահազանգ ստացած Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը մարդ  է ուղարկել «դեպքի վայր»: «Նրանք, ովքեր ուզում են այդտեղ պոդստանցիա կառուցել, թույլտվություն չունեն, հետևաբար` ոչ մի ծառ չեն կարող հատել»,- Panorama.am-ին ասաց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ թե ո՞վ պետք է թույլտվություն տա հարցին, նա պատասխանեց, որ Երևանի գլխավոր ճարտարապետը:

Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստները մոտ երկու ժամ առաջ ահազանգել էին, որ «էս պահին փորձում են կտրել Կոմիտասի 5ա շենքի բակում գտնվող ծառերը շինարարություն սկսելու համար»:

Աղբյուր` Panorama.am


menk enk
էս պահին փորձում են կտրել Կոմիտասի 5ա շենքի բակում գտնվող ծառերը շինարարություն սկսելու համար:
Բնակիչները մի քանի օր է դիմադրում են: Խնդրում ենք ահազանգել բնապահպանության նախարարություն և քաղաքապետարան,հնարավորության դեպքում այցելեք վայր, նկարահանումներ արեք, խոսեք բնակիչների հետ:
Հայտնեք ձեր ծանոթ հեռուստալրագրողներին, թերթերին, թեժ գծերին, տեղադրեք ձեր բլոգերում, կայքում:
Մեր գործողություններից, հավատացե’ք, շատ բան է կախված:

Քաղաքապետարան 51 41 36, 51 4188 , 51 42 63 , 51 42 64, 51 41 52
Բնապահպանության նախարարություն 266 172 , 52 38 35
Շենքի բնակիչներ` ` 26 50 58 և 091 26 50 58
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
Այսօր ժամը 19.30-ին հավաքվում ենք Չարենցի տուն-թանգարանի մոտ: Մաքրելու ենք Արամի և Բուզանդի փողոցների միջև ընկած այգին: Հիշացնեմ, որ այգին ուզում են քանդել: Հիանալի մեծ ծառերը պիտի հատվեն: Թույլ չտանք, որ ևս մեկ այգի վերացվի: Փորձենք փրկել այս այգին: Մաքրենք այգին, որ աղտոտվածությունը առիթ չհանդիսանա այն վերացնելու համար:

Այսպիսով` այսօր ժամը 19.30-ին: Կհանդիպենք :)
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link

Գտե'ք մեզ Ֆեյսբուքում

  • Aug. 17th, 2010 at 9:39 PM
menk enk
Էկոլուրը գրում է.

Բազմահարկ շենքերի կենտրոնացումը
Երեւանի կենտորոնում  անթույլատրելի է եւ համարվում է քաղաքաշինական եւ սեյսմոլոգիական նորմերի խախտում, ինչպես նաեւ կարող է բացասական ազդել մայրաքաղաքի բնակիչների առողջության վրա։ Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ  Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Երեւանում շինարարությունը իրականացվում է քաղաքի կանաչ տարածքների հաշվին, ինչը հատկապես վտանգավոր է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններ դեպքում։  Երեւանի չոր կլիմայական պայմաններում յուրաքանչյուր բնակչին հասնում է 20 քառակուսի մետր կանաչ տարածք»,- հայտարարեց Մինասյանը։ Խոսելով երեւանյան բակերի մասին՝ նա ընդգծեց, որ դրանք ոչ թե հանգստի վայրեր են, այլ ավտոտնակներ կառուցելու կոոպերացիաներ։

Ընդ որում, նա ներկայումս քիչ հավանական համարեց Երեւանի բեռնաթափումը՝ հաշվի առնելով  երկրում ծանր տնտեսական իրավիճակը։ Նրա խոսքով, Երեւանի ներկայիս ծանրաբեռնվածությունը մեծամասամբ պայմանավորված է երկրի այլ քաղաքների չզարգացվածությամբ։ «Երեւանի սահմաններից դուրս աշատատեղերի խնդիր կա, թերեւս այդ պատճառով է բնակչության ճնշող մեծամասնություը ձգտում դեպի մայրաքաղաք»- նշեց նա։

Խոսելով երեւանյան նորակառույց շենքերի մասին, ճարտարապետը դրական գնահատեց , նշելով, որ նոր կառույցները բավականին ամուր են եւ սեյսմակայուն։ Մասնագետի խոսքով, տարերքի ժամանակ, շենքերը նվազագույնս կվնասվեն շնորհիվ իրենց «իրանի», սակայն փրկարարական աշխատանքները դժվարությամբ կիրականացվեն իրենց հարթության պատճառով։

Անդրադառնալով Հայաստանի այլ քաղաքներին, Մինասյանն ընդգծեց, որ օրինակ Չարենցավանը կամաց-կամաց վերածվում է մեռած քաղաքի։ Նկատելով, որ Չարենցավանը արդյունաբերական քաղաք է եղել, Մինասյանը նշեց, որ ներկայումս Չարենցավանի բոլոր գործարանները չեն աշխատում եւ բնակչությունը լքում է այն։ Նրա  կարծիքով քաղաքը փրկելու համար անհրաժեշտ է գոնե թեթեւ արդյունաբերության գործարաներից որոշները կրկին շահագործել։


  • 3 comments
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk
Սա «Հրապարակում» լրագրողական հետաքննական հաղորդաշարի միակ թողարկումն է, որ չեք գտնի կառավարության պաշտոնական կայքում (http://www.gov.am/am/hraparakum/): Եթե ցանկանում եք տեղեկանալ պատճառների մասին, առաջարկում ենք զանգահարել կառավարության թեժ գիծ` +374 (10) 527-000 կամ հարցում անել հաղորդաշարի պաշտոնական բլոգում` http://hraparakum.livejournal.com/


 
menk enk
Վաղը
օգոստոսի 1-ին
Անգլիական այգում
ժամը 20.00-ին


Այս անգամ խոսելու ենք ԶԼՄ-ների դերի մասին բնապահպանության գործում։ Հանդիպումը կսկսվի "Մեկ օր կյանքից" կարճամետրաժ վավերագրական ֆիլմով։ Մեր հյուրերն են լինելու լրագրողներ Արման Սուլեյմանյանը, Անի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանը և Անի Սեինյանը։


Կհանդիպենք :)
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link
menk enk

"Մենք ենք այս քաղաքի տերը" նախաձեռնությունը կոչ է անում բոլորիդ
Չորեքշաբթի` հուլիսի 28-ին, ժամը 13:00-14:00 Թեղուտի պաշտապնության խումբը կանցկացնի բողոքի ակցիա ՎՏԲ բանկի դիմաց (հասցե` Նալբանդյան 46, մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի հարևանությամբ):


Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. $ վարկը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով: Հիշեցնենք, որ մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն... տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումն առ այսօր ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի և մեր խմբի գործադրած ջանքերի շնորհիվ: Չնայած Թեղուտի հանքարդյունաբերական ծրագրի օրինականությունը վիճարկվում է ՀՀ դատական ատյաններում և ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեում` ՎՏԲ-ն պատրաստակամություն է հայտնել ACP-ին հատկացնել նաև վարկի մնացած մասը, եթե հանքարդյունաբերական նախագիծը համապատասխանեցվի բանկի մշակած բնապահպանական չափորոշիչներին:



Մենք պահանջում ենք ՎՏԲ-ից.

-կասեցնելԹեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը,
-հանրայնացնել իր բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները,
-վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները: Պահանջում ենք հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին:


Խումբը շարունակելու է իր անզիջում պայքարը: Մեր համբերության բաժակն արդեն լցվել է և հաջորդ քայլը քաղաքացիական անհնազանդությունն է:

Միացե'ք ցույցին





Թեղուտի պաշտպանության խումբ
teghut2009@gmail.com
093 080485

menk enk

ԱրմԻնֆո:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՙՄենք ենք մեր քաղաքի տերերը՚ խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև տեղակայված այգին կարող է վերածվել հերթական բետոնացված օբյեկտի: ՙԴրա տեղում ուզում են սրճարան, հյուրանոց և ստորգետնյա ավտոկայան կառուցել, ընդ որում բարձրադաս անձինք դա բացատրում են նրանով, որ ցանկանում են բարեկարգել այգու տարածքը: Ցավոք, բարեկարգման նպատակով Երևանի կանաչապատ տարածքների բռնագրավումն արդեն ՙբարի՚ ավանդույթ է դառնում՚,- նշել է նա: Մ.Սուխուդյանը հիշեցրել է, որ ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետարանը թույլատրել է Ուսանողական այգում սրճարանի շինարարությունը` դա բացատրելով նրանով, որ կառույցները ներդաշնակ կլինեն Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի հետ: Արդյունքում մեկ հարկանի սրճարանների փոխարեն կառուցվել են մոնումենտալ բետոնե շինություններ, ընդ որում դրանց շինարարությունն ուղեկցվել է ծառահատմամբ և կանաչ տարածքների վերացմամբ: ՙՄեր խումբը պատրաստ է պայքարել Մաշտոցի պողոտայի մոտակայքում այգին փրկելու համար, սակայն տեղի բնակիչները նունպես պետք է ակտիվ դիրքորոշում գրավեն: Միայն միասնական ջանքերով մենք կկարողանանք կանխել այգու` բետոնե տարածքի վերածվելը՚,- ընդգծել է` Մ.Սուխուդյանը:

menk enk

Այսօր ժամը 19.30 հավաքվում ենք «Մալիբու» սրճարանի մոտ (Մաշտոցի պողոտայի վրա)։ Ստորագրություններ ենք հավաքելու ընդդեմ այգու ավիրման։ Արձագանքե՛ք։

menk enk
Ինչպես խոստացել էինք, Երևանի այգիների պաշտպանության համար միավորված երևանցիները չեն կանգնելու որևէ խոչընդոտի առջև.

Ի հիասթափություն մեզ` սկսվել է քննարկում Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցների միջև գտնվող այգում առևտրի կենտրոն կառուցելու մասին։ Հարակից բնակիչներն ու մասնագետներն արդեն խիստ բացասական գնահատական են տալիս։

Միացեք մեզ՝ ԱՅՍՕՐ հուլիսի 20-ին ժամը 19։30-ին ՍԿՍՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ։
Ահա ստորագրահավաքի թերթիկի օրինակը


Մալիբու սրճարանի մոտ /Մաշտոց պողոտա/։


ԴԵՌ ՈՉԻՆՉ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ։ Օգնեք կանխելու Մաշտոցի պողոտային հարող այգում նախատեսվող շինարարությունը: Կանխենք, քանի չեն սկսել:
  • Leave a comment
  • Add to Memories
  • Share
  • Link

Latest Month

March 2011
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow